ԱՄՆ-ը նորից զարմացրեց: 2016-ի տարեվերջին Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռացող համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի փոխարեն նշանակեց դեսպան Ռիչարդ Հոգլանդին: Նա դիվանագիտական աշխատանքի 30-ամյա փորձ ունի՝ 2003-2006-ին եղել է ԱՄՆ դեսպան Տաջիկստանում, 2008-2011-ին՝ Ղազախստանում, 2011-2013-ին՝ Պակիստանում: Վերջին տարիներին ղեկավարել է Սիրիայում ռուս-ամերիկյան համաձայնության շրջանակներում ռազմական համակարգման աշխատանքները, եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով առաջին տեղակալը: Մինչ այդ հասցրել է լինել Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո քարտուղար: Զարմանալի է, որ Վաշինգտոնը, ինչպես եղել է նախկինում, սովորական դիվանագիտական դադար չվերցրեց ղարաբաղյան ուղղությամբ, թեպետ հայտնի չէ՝ համաձայնեցվե՞լ է Հոգլանդի թեկնածությունը Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ:
Ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը գործադիր է և յուրաքանչյուր համանախագահ այդ ձևաչափում ինքնուրույն քաղաքականություն չի վարում, գործում է միայն իր կառավարության ցուցումներով: Այդպես էր գործում Ջեյմս ՈՒոռլիքը, ում, կարծես, Ադրբեջանում այդքան էլ չէին սիրում: Այսօր նրա թիկունքից, ինչպես և նրա ղեկավար՝ պետքարտուղար Ջոն Քերիի՝ «սկյութական նետեր» են ուղղվում: «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին է մեղավոր մի շարք դիվանագիտական պրոբլեմների մեջ՝ իր հայտարարությամբ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները «պատրաստ չեն» լուծել Լեռնային Ղարաբաղի ռազմական կոնֆլիկտը,- գրում է Vesti.az-ը:- Ադրբեջանի ներկայացուցիչները հաճախ էին պաշտոնական այցեր կատարում Վաշինգտոն, սակայն ԱՄՆ գլխավոր դիվանագետը չափազանց զբաղված էր, որ պաշտոնական այց կատարեր Բաքու և պատրաստակամություն դրսևորեր լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի ռազմական կոնֆլիկտում: ԱՄՆ պետդեպարտամենտը անսպասելի վակուում ստեղծեց Կովկասի, ՈՒկրաինայի, Հարավ-արևելյան Եվրոպայի և Հարավային Ամերիկայի տարածքում: Այդպիսի վերաբերմունքը, հասկանալի պատճառներով, մղեց Ռուսաստանի ու Իրանի ղեկավարությանը գործելու միջազգային ասպարեզում, ոչ միայն Կովկասում, այլև Բալկանյան ու Լատինական Ամերիկայի երկրներում՝ ներառյալ Վենեսուելան, Էկվադորը ու Նիկարագուան: Քերին մտածված էր ձեռնպահ մնում այդ հարցի լուծմանն ակտիվ մասնակցությունից ու օգնություն ցուցաբերելուց՝ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հետ՝ ստիպելով Մոսկվային այդ հարցով զբաղվել: ՈՒոռլիքին չհաջողվեց համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել այն փաստին, որ Հայաստանի կառավարությունը տնտեսական շրջափակման է ենթարկել Նախիջևանը: Վաշինգտոնը շարունակում է խոսել իր անմեղության մասին, երբ խոսքը Ադրբեջանի և արդեն երկու տասնամյակ ձգվող հյուծիչ պատերազմի մասին է: ԱՄՆ-ը պետք է իր բացահայտ աջակցությունը ցույց տա այնպիսի ազատատենչ երկրների, ինչպես Ադրբեջանը և Վրաստանը, որ կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը»:
Ինչո՞ւ է Բաքուն ՈՒոռլիքին առաջադրում միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վրա չկենտրոնացնելու մեղադրանքը, սեփական դիվանագիտությունը աշխատացնելու փոխարեն՝ հասկանալի չէ: Եվ հազիվ թե դեսպան Հոգլանդը այլ կերպ գործի, թեպետ հայկական որոշ շրջանակներ նրան հիշեցրին, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելու հարցով ժամանակին ԱՄՆ-ի Սենատի լսումներում նրա թեկնածության հաստատումը հետաձգվեց՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու պատճառով: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Վաշինգտոնը անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի զարկերակից ձեռքը չհեռացնել, հատկապես մի իրավիճակում, երբ կողմերի շփման գծում վերսկսվել են զինված բախումները, որը հերթական անգամ ակնհայտ է դարձնում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, որ նախատեսում են կոնֆլիկտի գոտում վերահսկողության համակարգերի ու միջազգային դիտորդների տեղակայում: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը կարծում է, որ «միջադեպերի հետաքննության հարցը խզում առաջացրեց» և շարունակում է մեղադրել Հայաստանին, որ ջանում է այդ թեման «վերածել սպեկուլյացիայի առարկայի»: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը «բազմիցս հայտարարել է, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմները պետք է ներդաշնակեցվեն սուբստանտիվ բանակցությունների հետ և նրանց մասը դառնան»: Լավ, բայց ինչո՞ւ Բաքուն իր դիրքորոշումը չբարձրաձայնեց Վիեննայում կամ Սանկտ Պետերուրգում և վարում է պարզունակ, հեռակա պայքար: Բաքուն մեկ չարախնդում է, որ իբր «հաղթանակ է տարել օտարի դաշտում», երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով ՀԱՊԿ-ի վերջին նիստում Սանկտ Պետերբուրգում չհաջողվեց կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրել Հայաստանի ներկայացուցչին: Կամ տեղեկատվական հարձակում է կազմակերպում ՀԱՊԿ դեռ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի դեմ, որ անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում իրադարձությունների զարգացումից, օգտագործելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը:
Այդ առիթով Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ մեղադրելով Բորդյուժային, որ նա ոչ միայն «կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգային մակարդակով ընդունված սահմանները», այլև իբր «նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի խաթարմանը»: Ընդ որում՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից հայտարարությանը գնահատական տալ: ՌԴ ԱԳՆ-ն պատասխանեց. «Կողմերին կոչ ենք անում շարունակել խստորեն պահպանել հրադադարը չխախտելու իրենց ստանձնած պարտավորությունները և անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի կայունացման համար: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, ՀԱՊԿ պետությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում հստակ արտահայտված է նրանց համատեղ հայտարարության մեջ՝ ընդունված հոկտեմբերի 14-ին Երևանում»:
Բայց եթե հետևողական լինենք, ինչպես նկատել է հայ փորձագետ Դավիթ Շահնազարյանը, Բելառուսի ու Ադրբեջանի նախագահների Բաքվի հայտարարությունում «նրանք իբրև գերակայություն նշել են տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց չեն օգտագործել «խաղաղ» բառը, որ հակասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների սկզբունքներին ու դիրքորոշմանը կոնֆլիկտի կարգավորման գործընթացում: Մոսկվան լռեց: Եվ ոչ միայն այդ ժամանակ, այլև առաջ, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, չծրագրված այցով մեկնելով Բաքու, հանկարծ հայտարարեց ինչ-որ ռուսական նախաձեռնության մասին ղարաբաղյան կարգավորման մեջ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս: Հետո Համբուրգում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների սամմիթի շրջանակներում, ԵԱՀԿ ՄԽ ԱԳ նախարարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարություն տարածեցին, որտեղ Երևանին ու Բաքվին կոչ էին անում հարգել պայմանավորվածությունները, որ արտացոլված են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված համաձայնություններում: Բայց նախկինում Մոսկվան հաղորդում էր, որ հենց Բաքուն չի ստորագրել այդ փաստաթղթերը, ուրեմն ինչո՞ւ կոչը չի հասցեագրվում հենց նրան, այլ նաև Երևանին»:
Բաքվին զայրացնում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմը հայտարարելով «հաղթանակ», չկարողացավ փոխարկել որևէ դիվանագիտական ձեռքբերումի: Բանակցային գործընթացում փակուղի առաջացավ հիմնականում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որ փորձում է հընթացս փոխել բանակցային օրակարգը: Այս դեպքում վաղուց ժամանակն է իրերն իրենց անունով կոչելու: ԱՄՆ-ի, ինչպես և ՌԴ-ի կոնֆլիկտի կարգավորման դիրքորոշումը Ադրբեջանի համար անընդունելի են համարվում: ՈՒ՝ հայտնվում է մանևրի ցանկությունը: Մեկ բանակցում են մի մակարդակում, հետո պահանջում են այսպես կոչված սուբստանտիվ մակարդակ, մեկ հայտարարում են Մոսկվայի ինչ-որ հատուկ դիրքորոշման մասին, իսկ հետո նշելով «Բորդյուժայի գործոնը», ակնարկում են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում սրացման մասին «երրորդ կողմի մասնակցությամբ», մեկ դատապարտում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի դիվանագիտությունը, իսկ հետո սպասում են Թրամփի պաշտոնակալությանը, որ, իրենց կարծիքով, «կոշտ դիրքորոշում ունի Թեհրանի նկատմամբ», որ «կարող է հանգեցնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության որոշակի փոփոխությունների»:
Ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանը, մեղադրելով Հայաստանին «ագրեսիայի» մեջ, կարող էր իբրև բանակցությունների վերսկսման պայման՝ անկյունաքար դարձնել հենց այդ փաստը, ինչպես Հայաստանը, գործելով հակառակ: Բայց ոչ մեկը, ոչ մյուսը չեղան: Վերահսկողության համակարգի և միջազգային դիտորդների հայտնությունը կողմերին կզրկեր իրավիճակով մանևրելու հնարավորությունից՝ պարբերաբար հրաձգության մեջ միմյանց մեղադրելով: Բայց դեմ է Ադրբեջանը: Արժի դրանից հետո զարմանալ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին չի հաջողվում կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը: Բաքվեցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն իրավացիորեն նկատում է, որ «կոնֆլիկտի կարգավորմանն անհրաժեշտ հաշտության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում»: Այդ ներուժի դրսևորումներից է Ստեփանակերտի ներգրավումը բանակցային գործընթացում, որից զգուշանում է Բաքուն՝ ենթադրելով, որ խոսքը տարածաշրջանում «հայկական երկրորդ պետության» ի հայտ գալու մասին է: Բայց Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններում վաղուց արդեն օբյեկտիվորեն հասունացած հարց է, առանց որի լուծման անհնար է կոնֆլիկտի կարգավորման խաղաղ գործընթացում իրական աշխատանքը: Անկասկած, Վաշինգտոնն ու Մոսկվան կարևորագույն խաղացողներ են, որոնց դերը կարգավորման մեջ դժվար է գերագնահատել: Բարաք Օբամայի վարչակազմին չհերիքեց պատմական ժամանակը գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար և նա կանգ առավ այդ ուղղությամբ կարևորագույն որոշումից մեկ քայլ առաջ: Տեսնենք՝ ի՞նչ կանի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Բայց հարցը մնաց՝ ինչո՞ւ են Բաքվի համար բոլորը մեղավոր:
Բաքուն որքան ասես կարող է մեղադրել հեռացած Ջեյմս ՈՒոռլիքին և հեռացող Ջոն Քերիին՝ հույս ունենալով, քննադատելով դեմոկրատներին՝ կստանա հանրապետականների բարեհաճությունը՝ մանր շուկայական խորամանկություն, որ հազիվ թե գործի ԱՄՆ-ի պարագայում: 2016-ի տարեվերջին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ջեյմս ՈՒոռլիքի փոխարեն նշանակվեց դեսպան Ռիչարդ Հոգլանդը և հայտարարվեց, որ նա ժամանակավոր է փոխարինում համանախագահին: Դա կարող է նշանակել, որ հունվարի քսանից հետո ԱՄՆ համանախագահը կփոխվի: Խնդիրը ԱՄՆ քաղաքականության փոփոխությունն է, որին այդպես ձգտում է Բաքուն: Հազիվ թե ԱՄՆ հաջորդ պետքարտուղարն էլ Բաքու պաշտոնական այցով մեկնի, նույնիսկ եթե պատրաստակամություն դրսևորի լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի ռազմական կոնֆլիկտում: Այդ պատրաստակամության բացակայության մեջ Ջոն Քերիին մեղադրելը արդար է նույնքան, որքան արդար կլիներ համարել, որ Իլհամ Ալիևն է ցանկանում հարցը լուծված տեսնել: Նույնքան անարդար է համարել, որ ԱՄՆ-ը ՌԴ-ին ու Իրանին իր անգործությամբ մղեց միջազգային ասպարեզում ակտիվության: Ռուսաստանին մղեց ներքին խնդիրները արտաքինի հաշվին լուծելու քաղաքականությունը, Իրանին՝ միջազգային պատժամիջոցներից ձերբազատվելը: ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը առանց այդ էլ ամենաակտիվ համանախագահն էր ու նրան մեղադրել, որ կարողացավ «համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել այն փաստին, որ Հայաստանի կառավարությունը տնտեսական շրջափակման է ենթարկել Նախիջևանը», նվազագույնն անլուրջ է՝ դա ԵԱՀԿ ՄԽ մանդատի մեջ չէր մտնում: Տարեվերջյան ասուլիսում Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Բաքուն շարունակելու է հարցի լուծումը որոնել միջազգային հարթակներում՝ չհամարելով, որ Մինսկի խումբը ունի առանձնաշնորհում:
Հայտարարություն, որին ոչ Վաշինգտոնը, ոչ Փարիզը, ոչ Մոսկվան չարձագանքեցին, ոչ էլ ԵԱՀԿ նախագահությունը հունվարի մեկից ստանձնած Ավստրիան: ՈՒ ընդհանրապես սարկազմի գագաթնակետն է, որ Բաքուն ինքն իրեն համարում է ազատատենչ երկիր: Եվ արդեն ցինիզմի ևս մեկ հաղթանակ էր, որ անակնկալ փոխվեց 2003-ից պաշտոնավարող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Նիկոլայ Բորդյուժային փոխարինեց նրա տեղակալը՝ Վալերի Սեմերիկովը: Բելառուսի նախագահության ժամանակ: Մեծ քաղաքագետ պետք չէ լինել, հասկանալու համար, որ ՀԱՊԿ-ը տեղի տվեց Բաքվին: ՈՒ ո՞րն է լինելու Հայաստանի քայլը, երբ Բաքուն իսկապես հաղթանակ է տանում «օտար» դաշտում՝ չլինելով ՀԱՊԿ անդամ: Հարց՝ Ադրբեջանը դիվերսիա է ձեռնարկում ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության դեմ, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անատամ հայտարարության համար, որից նույնիսկ չի հասկացվում ո՞վ ո՞ւմ դեմ է դուրս եկել, միայն անհանգստություն է արտահայտվում՝ «նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի խաթարմանը»: Բորդյուժայի «հանցանքը» «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը օգտագործելն էր, որ հաստատ չի արվել առանց ԱԳՆ-ի ու ՊՆ-ի համաձայնության, ուրեմն ինչո՞ւ Ռուսաստանը զոհաբերեց Բորդյուժային:
Ինչո՞ւ է Մոսկվան լռում, երբ Բաքուն սուբստանտիվ բանակցությունների մասին միշտ խոսում է Լավրովի հետ հանդիպումներից հետո: Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ չի հերքում, որ քննարկումների ընթացքում համաձայնություն չի կայացել «սուբստանտիվ օրակարգի» շուրջ: Որովհետև դա նույն Կազանի պլա՞նն է: ՈՒ ընդհանրապես՝ եթե Բարաք Օբամային չհերիքեց պատմական ժամանակը, Պուտինը այդ ժամանակը միշտ ու լիքը ունի, ի՞նչ իմաստ ունի սպասել Դոնալդ Թրամփի քայլերին: Պարզապես պետք չէ Բաքվի առաջ կարմիր գորգեր փռել, հետո հայտարարել՝ սպասենք ԱՄՆ-ը ի՞նչ կասի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ